Daily Archives: 23 Նոյեմբերի, 2020

Աղբյուր, գետ, լիճ

Երկրագնդի վրա ամենաշատ ջուրը օվկիա­նոսներում և ծովերում է: Շատ ջուր կա նաև աղբյուրներում, գետերում, լճրում և ճահիճներում:
Երկրի մակերևույթին տեղացած անձրևի կամ հալած ձյան ջրերի մի մասը գոլորշիանում է, իսկ մյուս մասը’ ներծծվում հողի մեջ և շարժվում են դեպի գետնի խորքերը այնքան ժամանակ, քանի դեռ չի հանդիպել կավի կամ այլ ապարաշերտերի, որոնց միջով ջուրը չի թափանցում: Այստեղ ջրերը կուտակվում են, ապա հոսում տեղանքի թեքության ուղղությամբ:

Երբ ստորերկրյա այդ ջրերը հասնում են ձորակի կամ զառիթափի , գետնի տակից նորից դուրս են գալիս Երկրի մակերես և առաջացնում աղբյուր: Սովորաբար աղբյուրների ջուրը լինում է մաքուր և սառնորակ: Հայաստանում աղբյուր­ներ շատ կան: Աղբյուրների ջուրը մարդիկ օգտագործում են խմելու համար: Աղբյուրից բխող ջուրը մի տեղում երկար մնալ չի կարող, այն սկսում է հոսել որպես փոքրիկ առվակ: ճանապարհին այն կարող է հանդիպել նման այլ առվակների, որոնք միախառնվում են և աջացնում գետակներ, իսկ գետակները’ գետեր:
Գետեր էլ կան, որոնք աղբյուրներից սկիզբ չեն առնում: Հրազդան գետը, օրինակ, սկիզբ է առնում Սևանա լճից:
Ավելի մեծ գետի մեջ թափվող փոքր գետերը կոչվում են վտակներ:
Որքան շատ են վտակները, այնքան ջրառատ է գետը:
Հատկապես լեռներում գետերը երբեմն մեծ բարձրություններից գահավիժում են որպես ջրվեժներ:
Գետերը մեծ նշանակություն ունեն մարդկանց կյանքում: Գետերի ջրերն անհրաժեշտ են գյուղերին ու քաղաքներին, գործարաններին ու ֆաբրիկաներին: Գետերի ջրով ոռոգվում են մշակվող հողերը:
Անձրևներից ու հալվող ձյունից, աղբյուրներից, գետակներից ու գետերից ջուրը հաճախ լցվում է Երկրի մակերևույթի իջվածքներն ու վիթխարի գոգերը’ առաջացնելով լճեր:
Երկրագնդի ցամաքի’ ջրով լցված ընդարձակ գոգավորությունը կոչվում է լիճ: Լճերն իրենց չափերով, խորությամբ խիստ տարբեր են: Կան ծովերի չափ հսկայական լճեր և այնքան փոքրերը, որոնց մակերեսը մի խաղահրապարակի չափ է :

Աշխարհի լճերի մեծ մասի ջուրը քաղցրահամ է, այսինքն՝ պիտանի Է խմելու համար: Կան լճեր էլ, որոնց ջուրն այնքան աղի է, որ այնտեղ բույսեր չեն աճում, կենդանիներ չեն ապրում: Քաղցրահամ լճերի ջուրը մարդն օգտագործում է դաշտերը ոռոգելու համար: Այդպիսի լճերում ձուկ են որսում, նավարկում են գբոսանավեր, ափերին կառուցում են հանգստյան տներ:

Եղնիկ

«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառում սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:
Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:
«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր`  խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փախչում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և եր□ հանկարծ ուշքի էր գալիս, նետի պես ծլկվում էր մոտիցս… Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ… Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան… Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:
Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշ□ամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ…
Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ…
Մի գիշեր, մի քամի գիշեր էր, սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը: Երեխաներս վախից կուչ էին եկել. մինչդեռ եղնիկը դողում էր մի խենթ սարսուռով: Աչքերը կայծակին էին տալիս: Անթարթ, ամբողջովին լսելիք դառած` ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով:
Անտառը կանչում է նրան, ընկերների ազատ վազքն է տեսնում նա մթին թավուտների մացառուտ ժայռերն ի վեր,- մտածում էի ես:
Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամին` փոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչ միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթար□ի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ…
Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:

  • Դուրս գրիր անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրիր և սովորիր:

խարտյաշ-Ոսկեգույն դեղինին և բալ շագանակագույնին տվող գույնով:

  • Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

երբ,ակնթարթ,պատշգամբ,փաղչում։

  • Գրիր տրված բառերի հոմանիշները (այս բառերի հոմանիշները կան նաև տեքստում).

ա/զուլալ —պայծառ
բ/լուռ —աղմուկ
գ/ակնդետ —անհամբեր
դ/ընտանի —վայրի