Daily Archives: 4 Մարտի, 2022

Պատմություն նշված բառերով

Գարնանային մի գունագեղ օր ես դուրս էի եկել զբոսանքի, նկատեցի որ, բակի ծառերը սկսել են բողբոջ տալ և տերևները խտանալ։ Քիչ անց երբ անցնում էի ծաղիկների այգու մոտով և երբ նրանց անուշ բույրը հոտոտեցի, զանգեց մայրիկս և ասաց,որ՝ գնալու ենք պապիկիս գյուղ որտեղ նա դաղձեր ուներ աճած և մեկ-մեկ մենք փորձում էինք այն։Երբ հասանք իմ սիրելի պապիկի գյուղ, արևը վառ ծագեց և նկատեցի, որ երկնքի վրա մի հատիկ ամպ էլ չկար։ Երբ մտանք տան բակ վերջապես ես տեսա իմ սիրելի քույրիկներից մեկին, ում որ, ես իմ քույրիկներից ամենահազվադեպն էի տեսնում։ Մենք երկուսով գնացինք պապիկիս հողամաս և խոտերի վրա փռեցինք կտոր, որի վրա մենք զրուցում էինք և քաղցր կոնֆետ ուտում։

Գարնան բանաստեղծությունների փունջ

Գարնանամուտ

Նշենիներն արթնացել,
Իրար գլխով են անում
Եվ հրճվում են, որ իրենք
Առաջինն են արթնանում:

Ձնծաղիկն է ծիծաղում
Լացակումած մի թմբից,
Կարմիր գլխիկն է հանում
Դաղձը խոնավ իր ճմբից:

Ցանկապատի մի ճեղքից
Եղինջն իր աչքն է բանում,
Ծիլը թեթև ժպիտով
Ծանր հասկ է խոստանում:

Ծանոթ խոսքեր է ասում
Լեզուն բացված մի առու,
Եվ առուները բոլոր
Ձայն են տալիս իրարու:

Գարուն, շուտով կփռես
Դու քո թևերը կանաչ,
Ու մանկիկս կթռչի
Ծիծեռնակին ընդառաջ:

Եվ ուր որ է կլսեմ
Սարյակների վեճը տաք,
Ակոսներից բարձրացող
Գոլորշու մեջ կապուտակ:

Խայտում է հողն, ու հողից
Քնքուշ ծիլերն են խայտում,
Նայում ես այդ բոլորին,
Հրճվանքից սիրտ է պայթում:

Նայում եմ այդ բոլորին,
Եվ բոլորից, բոլորից
Արթնանում է կրծքիս տակ
Պատանությունս նորից:

Համո Սահյան

Ծաղիկները

-Ո՞ւր գնացին ծաղիկները:
-Սուս, քնած են հողի տակ,
Տաք ծածկված ողջ ձմեռը
Ձյուն-ծածկոցով սպիտակ:

Կգա գարնան արևն էլ ետ
Իր շողերով կենդանի,
Ձմռան սաստիկ ցրտերի հետ
Ձյուն-ծածկոցը կտանի:

«Ելեք, կասի, իմ մանուկներ».
Ու հենց նրանք իմանան,
Դուրս կհանեն գլխիկները,
Աչիկները կբանան:

Հովհաննես Թումանյան

Մարտը

Ա՜խ, էսպես էլ գիժ ամիս,
Մարդու հանգիստ չի տալիս:
Էսօր ուրախ օր կանի,
Վաղը անձրև ու քամի.
Առավոտը պայծառ օդ,
Կեսօրը մութ ու ամպոտ:
Մին հագնում է սպիտակ,
Մին կանաչին է տալիս.
Մի օր ցուրտ է, մի օր տաք,
Մին խնդում է, մին լալիս…
Ա՜խ, էսպես էլ գիժ ամիս:

Հովհաննես Թումանյան

ԳԱՐՈՒՆ

Ձմեռն անցավ…
Եկավ գարուն…
Ձյունը հալվեց,
Լցվեց առուն:

Արև ծագեց
Արևելքից,
Ծիլեր քաշեց
Գետնի տակից:

Տաք հարավից
Եկան հավքեր,
Բույն հյուսեցին
Ընկեր-ընկեր:

Ծառը պտկեց,
Տվեց բողբոջ,
Աղբյուրն հանեց
Անուշ խոխոջ:

Փռվեց կակաչ
Սարի լանջին,
Կարմրեց մորին
Թփի միջին:

Դաշտը թավիշ
Զգեստ հագավ,
Կանգնեց քարին
Երգեց կաքավ:

Արոտ գնաց
Ծնած մաքին,
Կաթը տվեց
Անուշ ձագին:

Աթաբեկ Խնկոյան

Գարուն

Զուգված, զարդարված
Թավիշ կանաչով,
Ցոլում է դաշտը
Ոսկե ճաճանչով:
Սիրուն մայիսը
Գոհար է մաղել,
Ծաղկանց թերթերը
Շողել ու շաղել:
Հազար տեսակի
Թռչուն է երգում.
Ալ-կանաչ դաշտը
Զընգում, զրընգում:

ԿԱՐՄԻՐ ԳԱՐՈԻՆ

Գարուն եկավ,
Կարմիր գարուն,
Մեծ գետ դարձավ
Փոքրիկ առուն,
Էլ չթողեց
Ճամփին ճահիճ,
Քշեց տարավ օձ ու կարիճ:
Դու չես տեսել էսպես գարուն,
Էլ չես թափի կարմիր արուն.

Էլ չես տեսնի սրտի մրմուռ,
Էլ չես չափի արցունք բուռ-բուռ.
Էլ չի ուտի օձը ձագիդ,
Ու չի խոցվի սիրտդ ու հոգիդ.
Կարմիր կակաչ սարի լանջին,
Կարմիր մորի թփի միջին,
Էսպես եկավ կարմիր գարուն.
Մեծ գետ դարձավ փոքրիկ առուն: