Daily Archives: 25 Փետրվարի, 2021

Հ. Թումանյանի պատգամները զավակներին

Image result for Թումանյան

Լուրջ ու խորը պիտի նայել, զգույշ ու նուրբ պիտի լինել. հասկանալը մեծ բան է. լավ վերաբերմունքը, զգացմունքը ինքնաբերաբար, խորը պիտի լինի: Բարձր ցանկություններ պիտի ունենաք, ոչ սովորական, առօրյայից բարձր: Ամեն ինչ ձեր ներքին աշխարհում փնտրեցեք, տեսեք: Մի´ ցավեք, մի´ մանրացեք. կենտրոնացե´ք, բարձրացե´ք, խորացե´ք:

Վայրկյանը շատ թանկ ու կարևոր բան է . մի վայրկյանում անմիջապես շատ բան կարելի է զգալ, հասկանալ, քան տարիների  ընթացքում: Արթուն եղեք, շրջահայաց, միշտ պատրաստ: Վերաբերմունքը, խորը, անկեղծ զգացմունքը սրտից պիտի գա, որ մարդ զգա այդ և ոչ թե ստիպված անի: Մարդ խոր ու տևական զգացմունքների ընդունակ պիտի լինի: Ես կուզեի ամեն մեկիդ մեջ տեսնել իմ շունչը, իմ հոգու մի մասը…Մարդը ձգտում պիտի ունենա լավանալու, բարձրանալու: Միշտ պիտի ձգտել դեպի կատարյալը:

Մարդու կյանքի նպատակը երջանկությունն է… եթե լավագույնի ձգտումը մարդու մեջ չկա, էլ ի՞նչ կյանք: Երջանկության հասնելու համար պետք է կամենալ, ցանկություն պիտի ունենալ, կամք պիտի լինի դրա համար:

Մարդ ամեն ինչ ինքը պիտի անի իր ձեռքով, իր աշխատանքով. ակտիվ պիտի լինի ամենից առաջ: Գեղեցկություն, բարություն, ճշմարտություն, սրանք են կյանքում հիմնականը:

Լինել առողջ, զվարթ, գոհ, բնական, ամեն ինչ կասկածող և գլխի ընկնող, նրբազգաց: Պետք է ճաշակ ունենալ, որ շատ մեծ բան է: Հարմոնիա ստեղծել ամեն բանում և ամենուր:

Մարդ ինքն իրեն պիտի կրթի, իրենից մարդ պիտի ստեղծի և միշտ կատարյալին ձգտի: Բնազդի հետ միշտ բանականությունը պիտի լինի:

Թումանյան և Աղայան

Պատմում է Ավ. Իսահակյանը.

Թումանյանի մոտ ծանոթացա Ղազարոս Աղայանի հետ, որ գալիս էր հայրական գյուղից, ուր նա ապրում էր այդ ժամանակ: Հաստ պալտո հագած, վալենկաներով, կալոշներով, գյուղից` ուղղակի Օհաննեսի մոտ: Նրանք ջերմաջերմ գրկախառնվեցին, համբուրվեցին, կարծես երջանկացան իրար տեսնելով: Շատ նման էին նրանք իրար. երկուսն էլ միևնույն ատաղձից, հայ ժողովրդի նյութից կերտած և միևնույն ոճով ձևավորված: Նաև մեծ մտերմություն տեսա նրանց միջև, իսկ հետագա տարիներում համոզվեցի, որ ամբողջ աշխարհում նրանք իրար ամենամոտ մարդիկ են: Օհաննեսը նրան կոչում էր «Ասլան ապեր», նա էլ Օհաննեսին` «Ասլան բալասի». հետո, երկուսով ծիծաղելով, ասում էին. «Էլ ո՜վ կարող է մեզ հաղթել»: